Մաքսային բրոքերային ծառայություններ

Մաքսային ձևակերպումները լոգիստիկ բիզնեսի բավականին յուրահատուկ գործունեության ասպարեզ են: Նրանք ենթադրում են մաքսային մարմինների հետ անմիջական աշխատանք իրավական կարգավորումների դաշտում: Շատ ժամանակ մաքսային ձևակերպումները կազմակերպության մեջ բավականին դժվար է կազմակերպել, քանզի դրանք ակնկալում են աշխատանք և ֆինանսական մեծ միջոցներ: Այս պատճառով շատ ընկերություններ դիմում են մաքսային բրոքերի օգնությանը: Մաքսային բրոքերը մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող, օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության անձն է, որը գործում է ապրանքներ տեղափոխող անձանց հանձնարարությամբ` իր անունից: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, մաքսային բրոքերի գործունեության համար լիցենզիան տրամադրվում է պարզ ընթացակարգով` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից: Մաքսային բրոքերի և նրա կողմից ներկայացվող անձի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և նրանց միջև կնքված պայմանագրով: Մաքսային բրոքերն իրավունք ունի իրականացնել մաքսային ձևակերպման պահանջներից բխող բոլոր գործողությունները, ինչպես նաև այլ միջնորդական գործառնություններ, որոնք վերաբերում են մաքսային գործին` իր կողմից ներկայացվող անձի հանձնարարականով և վերջինիս միջոցների հաշվին: Մաքսային բրոքերի անունից մաքսային ձևակերպումները կարող է իրականացնել միայն ՀՀ պետական եկամուտների նախարարի 2000թ. դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 70-րդ հոդվածի, 96-րդ հոդվածի 2-րդ կետի և 117-րդ հոդվածի պահանջներն ապահովելու մասին» թիվ 02/1508 հրամանով սահմանված կարգով մաքսային մասնագետի որակավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Հանձնարարողից հանձնարարությունը կատարելու նպատակով ստացած տեղեկությունը մաքսային բրոքերը և նրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով: Պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել մաքսային բրոքերի կամ նրա աշխատողների կողմից` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: